ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Սոչիում ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք է ընկել, տուժածներ և ավերածություններ չկան։ Այս մասին հայտնել է Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ռուսական ՀՕՊ միջոցները հոկտեմբերի 14-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 7:10-ի սահմաններում (Երևանի ժամանակով 8:10-ին), Կրասնոդարի երկրամասի ափերի մոտ ոչնչացրել են ուկրաինական երկու ԱԹՍ:
«Քաղաքում տուժածներ և ավերածություններ չկան։ Օդանավակայանը և հանգստավայրի բոլոր համակարգերը գործում են կանոնավոր կերպով։ Իրավիճակը օպերատիվ շտաբի վերահսկողության ներքո է: Շնորհակալություն մեր ամբողջ ուժային բլոկին: Բնակիչների ու հյուրերի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, հանգստավայրում ամեն ինչ կարգին է», - նշել է Կոպայգորոդսկին իր Telegram ալիքում։
Ավելի վաղ Սոչիի օդանավակայանում թռիչքները ժամանակավորապես սահմանափակվել էին:
Նշենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերի սահմանամերձ շրջանները: