ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկի` փարիզյան Լուվրի մոտ 3 հազար այցելու տարհանվել է ռումբի մասին հաղորդում ստանալուց հետո։ Այս մասին հայտնում է Parisien–ը։
Ավելի վաղ Լուվրի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ որոշել է այցելուների համար փակել իր դռները անվտանգության նկատառումներից ելնելով։
Լուվրի ներկայացուցչի խոսքով` թանգարանը գրավոր հաղորդագրություն էր ստացել թանգարանի և նրա այցելուների համար վտանգի մասին նախազգուշացումով։
Համացանցում տեսանյութեր են տարածվել, որոնցում երևում է` ինչպես են այցելուները հապճեպ լքում թանգարանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին 20-ամյա տղամարդը դանակով հարձակվել էր Ֆրանսիայի Արրաս քաղաքի դպրոցներից մեկի աշխատակիցների վրա։ Մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Ոստիկանության աղբյուրի համաձայն՝ հարձակման ժամանակ նա բղավել է «Ալլահ աքբար»։ Ոստիկանությունը հարձակվողին բերման է ենթարկել։
Վերջինս ներառված է արմատական իսլամիստների ցուցակում, որոնց հետևում են ահաբեկչությունները կանխելու համար, ինչպես նաև այն անձանց ցուցակում, որոնք սպառնալիք են ներկայացնում պետական անվտանգությանը (fiche S):