ԼՂ–ում մարդասիրական իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը միացել է 40 երկիր. Բադալյան

ՀՀ ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ ԼՂ–ից հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց տներից տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողության հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի շրջանակում հոկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների ծանրագույն ճգնաժամի կապակցությամբ ընդունված համատեղ հայտարարությանը միացած երկրների թիվը հասել է 40-ի: Այդ մասին X-ի (նախկին Twitter) իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Նշենք, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանում 34 երկրներ հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ խորը մտահոգություն էին հայտնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների ծանրագույն ճգնաժամի կապակցությամբ։
ՀՀ ԱԳՆ խոսնակը հիշեցրել է հայտարարության այն հատվածը, որ հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց տներից տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողության, ինչպես նաև 9 ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով, ինչը հանգեցրել է հումանիտար ծանրագույն իրավիճակի:
Հիշեցնենք, որ համատեղ հայտարարությունն ընթերցվել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության կողմից: