ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը և հանձնարարականները վերաբերում են ծանր հումանիտար հետևանքներին և մարդու իրավունքներին՝ կապված արցախահայերի բռնի տեղահանման հետ։ Այս մասին Х-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Նրա խոսքով` բանաձևում ներկայացնում են Ադրբեջանի կողմից իր կանոնադրական և անդամակցության պարտավորությունների լուրջ խախտումներին արձագանքելու մեխանիզմները։
Հիշեցնենք` այդ բանաձևով վեհաժողովը ֆիքսում է, որ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման վտանգի և Ադրբեջանի կառավարության երկարամյա հայատյաց քաղաքականության պատճառով։
Վեհաժողովը պահանջում է, որ ԵԽ գլխավոր քարտուղարը և Նախարարների կոմիտեն հնարավորինս արագ կազմակերպեն Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելության այցը, որը նպատակ կունենա տեղում գնահատել և նախանշել ձեռնարկվելիք միջոցները տեղի հայերի իրավունքները պաշտպանելու համար՝ ներառյալ նրանց, ովքեր ապաստան են գտել երկրից դուրս։
Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։