ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Վանաձորցի Տիգրան Հարությունյանը հեղինակային բաժակներով մեղրային ըմպելիքի արտադրություն է բացել: Նա մասնագիտությամբ նկարիչ է, մի քանի տարի դասավանդել է տեղի արվեստի դպրոցում (քոլեջում), այնուհետև Վանաձորի Դրամատիկական թատրոնի գլխավոր բեմանկարիչն է եղել։ Բայց նրա հորինած բաժակները ոչ թե գեղարվեստական, այլ ինժեներական նորույթ են։
Երեք տարի ժամանակ է պահանջվել, որպեսզի Տիգրանն ավարտին հասցնի կոնստրուկցիան և արտոնագրի։ Ընդամենը մեկ ամիս առաջ է հաջողվել արտադրություն սկսել։ Առաջին օրինակները ներկայացվել են վերջերս Երևանում կայացած «PanArmenian Expo» ցուցահանդեսում։
Հեղինակային բաժակներով մեղրաջուր
© Sputnik / Aram Gareginyan
Բաժակը ստեղծելիս Տիգրանին ոգեշնչել են զավակները, որոնք ամեն առավոտ խնդրել են մեղրաջուր պատրաստել իրենց համար։ Նա էլ սկսել է մտածել՝ կարելի է միանգամից մեծ քանակով մեղրաջուր սարքել և պահել, օրինակ, բանկաներում, ինչպես կոմպոտը։ Բայց ծանոթները բացատրել են, որ ջրին խառնած մեղրը սկսում է թթվել և վերածվում է ալկոհոլային խմիչքի։ Եվ Տիգրանը որոշել է կրկնակի հատակով բաժակ սարքել, որում ջուրն ու մեղրը մինչև օգտագործելը չեն խառնվի։
Բաժակը կարող էր և չհնարվել, եթե Տիգրանին չօգնեին տեղացի ինժեներները, որոնք խորհրդային տարիներին աշխատել են Վանաձորի «Էլեկտրոն» գործարանում։ Թիմը ստիպված է եղել մոտ մեկ տասնյակ փորձարկումներ անել, մինչև հաջողվել է բաժակների վրա պլաստմասսայից կոճակ տեղադրել։ Այն սեղմելիս ներսում գտնվող «միջնորմը», որ բաժանում է մեղրն ու ջուրը, խառնվում է։ Մնում է միայն թափահարել բաժակն ու մի քիչ սպասել։
Մեղրը, որը ոչ մի նորարարությամբ չես փոխարինի, Տիգրանի համար բերում են Լոռու մարզի Ահնիձոր և Վահագնաձոր անտառային գյուղերից, որտեղ ապրում են նրա հորեղբայրները։ Առայժմ ըմպելիքը վաճառվում է միայն Վանաձորի խանութներում, ինչն էլ տեղացիներին հնարավորություն է տալիս հերթական անգամ հայտարարելու․ «Էդ ձեր Երևանում սենց բան կգտնե՞ք»։
Տիգրանը մտադիր է տեսականին ընդլայնել և իր ֆիրմային բաժակներով նաև լուծվող սուրճ վաճառել։ Այդ և այլ ըմպելիքների պահպանման ժամկետը կարող է մի քանի անգամ աճել, քանի որ հիմնական բաղադրիչը մինչև օգտագործման պահը չոր է մնում։
«Սովորական սուրճի պահպանման ժամկետը 15-40 օր է, իսկ այսպիսի բաժակում կարող է 9 ամիս լինել, եթե, իհարկե, ջուրը ֆիլտրված է և ուլտրամանուշակագույն ճառագայթումով մանրէազերծված»,-պարզաբանում է Հարությունյանը։
Հաջորդ քայլը բաժակների սերիական արտադրություն սկսելն է՝ թե՛ սեփական արտադրանքի, թե՛ այլ ցանկացողների համար՝ խմիչք կամ գուցե դեղամիջոցներ արտադրողների:
Զուգահեռ նա ցանկանում է վաճառք սկսել Երևանում։ Ժամանակին որպես էներգետիկ ըմպելիք առաջարկել է ֆիտնես ակումբներին, բայց, իր իսկ խոստովանությամբ, մարկետինգին ուշադրություն չի դարձրել` փաթեթավորումն այնքան ներկայանալի չի թվում, որքան արտասահմանյան բրենդային ըմպելիքներինը։ Հիմա Տիգրանն ուզում է երևանցիներին երկրորդ շանս տալ։
Հավելենք, որ իր ստեղծած կոնստրուկցիան նա արդեն արտոնագրել է Հայաստանում և ավարտում է գրանցումը Ժնևի արտոնագրման բյուրոյում։