ՀՀ նախագահն ընդունել է Սյունիքի մարզպետին ու շնորհակալություն հայտնել նրան

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ նման մասշտաբային հիմնախնդրին համարժեք դիմակայությունը հնարավոր է դարձել կառավարության կառուցողական ու գործուն քայլերի և պետական գերատեսչությունների միասնական ու համակցված աշխատանքի շնորհիվ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Արցախից ռնի տեղահանվածների առաջնային անհրաժեշտության խնդիրները հրատապ լուծումներ ստանում են և ներկայիս ծրագրերն առավելապես միտված են բնակարանային կարիքների և աշխատատեղերի ապահովմանը: Այս մասին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Ռոբերտ Ղուկասյանն ու Հայաստանի Վահագն Խաչատուրյանը աշխատանքային խորհրդակցության ժամանակ
Ղուկասյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանն աջակցելու աշխատանքները կազմակերպվել են արտակարգ ռեժիմում՝ մեծաթիվ կամավորների աջակցությամբ:
«Մարզպետը նախագահին մանրամասներ է ներկայացրել մարզում տիրող ընդհանուր իրավիճակի` մասնավորապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքների գնահատման, շարունակաբար իրականացվող հումանիտար օգնության ծրագրերի և հետագա անելիքների վերաբերյալ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ճգնաժամային իրավիճակում մարզում կատարված հսկայածավալ աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ծանր պայմաններում հետևողականության համերաշխության մթնոլորտի լիարժեք պահպանության համար:
Իր խոսքում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ նման մասշտաբային հիմնախնդրին համարժեք դիմակայությունը հնարավոր է դարձել կառավարության կառուցողական ու գործուն քայլերի և պետական գերատեսչությունների միասնական ու համակցված աշխատանքի շնորհիվ, ինչը նաև դրական արձագանքների է արժանացել միջազգային դիտորդների և կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։