Գազայում ջրի պակասն ավելի քան 2 մլն բնակչի համար կյանքի ու մահվան հարց է դարձել. ՄԱԿ

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Գազայում ջրի պակասն ավելի քան 2 մլն բնակչի համար կյանքի ու մահվան հարց է դարձել, անհրաժեշտ է անհապաղ վառելիք հասցնել այդ տարածք։ Այս մասին ասվում է Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործերով ՄԱԿ–ի գործակալության (UNRWA) հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին և հակառակորդներին «կենդանիներ» էր անվանել։
«Ջրի պակասի պատճառով ամբողջ Գազայի հատվածում ավելի քան 2 մլն մարդ է վտանգի տակ գտնվում։ Դա կյանքի և մահվան հարց է դարձել։ Անհապաղ պետք է վառելիք հասցվի Գազա, որպեսզի 2 մլն մարդու ապահովվի ջրով», – փաստաթղթում մեջբերվում է UNRWA–ի գլխավոր կոմիսար Ֆիլիպ Լացարինիի խոսքերը։
Կազմակերպությունը նշում է, որ Գազայի հատվածում սպառվում է մաքուր ջուրը, ջրմուղ կայանն ու հանրային ջրամատակարարման ցանցերը դադարել են աշխատել: Մարդիկ ստիպված օգտագործում են հորերի կեղտոտ ջուրը, ինչն ավելացնում է ջրի միջոցով փոխանցվող հիվանդությունների վտանգը։
«Մեզ անհրաժեշտ է անհապաղ վառելիք մատակարարել Գազա։ Վառելիքը մարդկանց անվտանգ խմելու ջրով ապահովելու միակ տարբերակն է։ Եթե դա չանենք, մարդիկ` այդ թվում փոքր երեխաները, ծերերն ու կանայք, կսկսեն մահանալ ջրազրկումից։ Ջուրն այժմ մնացած վերջին փրկօղակն է։ Կոչ եմ անում անհապաղ չեղարկել արգելքը մարդասիրական օգնության համար», – հավելել է Լացարինին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Նեթանյահուն օդուժի հարվածի կադրեր է հրապարակել և կոչ է արել շարունակել ամբողջ ուժով