ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիան 1 մլն եվրո է հատկացրել ՄԱԿ–ի պարենի համաշխարհային ծրագրին (ՊՀԾ) Հայաստանում արտակարգ իրավիճակների արձագանքման համար։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի X-ի էջում։
«Հպարտությամբ հայտարարում ենք Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Սինդի Մըքքեյնի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի` Նյու Յորքում ունեցած հանդիպումից հետո Ֆրանսիայի` ՊՀԾ` Հայաստանում արտակարգ իրավիճակների արձագանքման ջանքերին ուղղված 1 մլն եվրոյի չափով ներդրման մասին: Մեր գործընկերությունն ամրապնդում ենք` աջակցելու կարիքավորներին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` սեպտեմբերի 29–ին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում բացել է տաք սննդի բաշխման շարժական կետ Արցախից բռնի տեղահանված անձանց համար: Շարժական կետն օրական տրամադրում էր 2000 բաժին տաք սնունդ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։