ՑԱԽԱԼ–ը ևս 6 ժամ է տվել Գազայի բնակիչներին հարավ տեղափոխվելու համար

Ավելի վաղ ՄԱԿ–ի հատուկ զեկուցող Պաուլա Գավիրիյա Բետանկուրը հայտարարել էր, որ Իսրայելի վերջնագիրը` կապված 24 ժամվա ընթացքում Գազայի հյուսիսային հատվածի տարհանման հետ, հանցագործություն է մարդկության նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի բանակն այսօր հայտնել է, որ Գազայի հատվածի բնակիչները ևս 6 ժամվա ընթացքում կկարողանան անխոչընդոտ հասնել հատվածի հարավ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Գազայի բնակիչներին հորդորում ենք լքել քաղաքը և ուղևորվել հարավ` ձեր իսկ անվտանգության համար։ Տեղեկացնում ենք, որ Իսրայելի բանակը թույլ կտա տեղաշարժվել նշված փողոցներով առանց որևէ տհաճ միջադեպերի ժամը 10:00–ից մինչև 16:00–ն։ Օգտագործեք այդ ժամանակը հարավ հասնելու համար», – X սոցցանցում արաբերեն գրել է Իսրայելի բանակի խոսնակ Ավիխայ Ադրային։
Ադրային նաև կոչ է արել Գազայի բնակիչներին չվստահել ՀԱՄԱՍ–ի առաջնորդներին, որոնք, նրա պնդմամբ, արդեն «հոգ են տարել» բնակիչների համար։
Ավելի վաղ ՄԱԿ–ի հատուկ զեկուցող Պաուլա Գավիրիյա Բետանկուրը հայտարարել էր, որ Իսրայելի վերջնագիրը` կապված 24 ժամվա ընթացքում Գազայի հյուսիսային հատվածի տարհանման հետ, հանցագործություն է մարդկության նկատմամբ և միջազգային մարդասիրական իրավունքի խախտում։ ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել է, որ 24 ժամում ավելի քան մեկ միլիոն խաղաղ բնակչի տարհանման և փաստորեն հատվածի հարավում գտնվող գետտոյում նրանց հավաքելու պահանջն անընդունելի է և կարող է անդառնալի աղետալի հետևանքների հանգեցնել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Նեթանյահուն օդուժի հարվածի կադրեր է հրապարակել և կոչ է արել շարունակել ամբողջ ուժով