ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Արրաս քաղաքի դպրոցի վրա հարձակումից հետո անվտանգության հարցերով խորհրդակցություն է հրավիրել և որոշել երկրում տեղակայել Sentinelle–ի ուժերի մինչև յոթ հազար զինվոր։ Այս մասին հայտնում է BFMTV-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը։
«(Մակրոնը մոբիլիզացիայի որոշում է ընդունել - խմբ.) Մինչև երկուշաբթի երեկոյան Sentinelle ուժերի 7 հազար զինվոր կտեղակայվեն երկրում և կմնան մինչև հետագա ծանուցումը», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ վարչապետի գրասենյակը հայտնել էր, որ Ֆրանսիայում դպրոցի վրա հարձակման ֆոնին ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ է հայտարարվել։
Հիշեցնենք` երեկ առավոտյան 20-ամյա երիտասարդը դանակով հարձակվել է Ֆրանսիայի Արրաս քաղաքի դպրոցների մեկի աշխատակիցների վրա։ Մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Ոստիկանության աղբյուրի համաձայն՝ հարձակման ժամանակ նա բղավել է «Ալլահ աքբար»։ Ոստիկանությունը հարձակվողին բերման է ենթարկել։
Վերջինս ներառված է արմատական իսլամիստների ցուցակում, որոնց հետևում են ահաբեկչությունները կանխելու համար, ինչպես նաև այն անձանց ցուցակում, որոնք սպառնալիք են ներկայացնում պետական անվտանգությանը (fiche S):