Անվտանգության հետ կապված ՀՀ մոտեցումները Գրիգորյանը ներկայացրել է Եվրանեսթի ներկայացուցչին

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչող հարցերի լայն շրջանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելուն միտված Հայաստանի մոտեցումներն ու տեսակետները ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Եվրախորհրդարանի անդամ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելին: Այս մասին հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
«ԱԽ քարտուղարը ողջունել է տիկին Վիոլա ֆոն Կրամոն-Տրաուբադելի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և կարևորել նման փոխայցելություններն ինչպես ՀՀ-ԵՄ, այնպես էլ ՀՀ-ԵՄ առանձին անդամ պետությունների հարաբերությունների զարգացման և առավել խորացման համատեքստում»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակին առնչող հարցերի լայն շրջանակ։
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը տարածաշրջանի անվտանգային հարցերը քննարկել էր Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։