ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ամերիկացի կոնգրեսականների մի խմբի հետ հանդիպմանն ասել է, որ Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան։ Այս մասին գրում է Politico թերթը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին:
Թերթը գրում է, որ դրա հետ կապված` Պետդեպարտամենտը կարող է վերանայել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու իր երկարաժամկետ մոտեցումը:
Թերթը գրում է, որ զրույցի ընթացքում, որը կոնգրեսականների և Բլինկենի միջև տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին, օրենսդիրները ճնշում են գործադրել Պետդեպարտամենտի ղեկավարի վրա՝ Բաքվի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 13–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի բանակցությունների վերսկսմանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա գիտեն: ՌԴ նախագահն ընդգծել է, որ այժմ, իր կարծիքով, դրա հետ կապված խնդիրներ չպետք է լինեն։