ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքում ադրբեջանական ուժերի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքները կոպտորեն խախտվում են Բաքվում։ Այս հայտարարությունն արել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԼՂ բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով դատական գործընթաց է սկսվել Բաքվում։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Խաչատրյանին մեղադրել էր հանցավոր խումբ ստեղծելու մեջ։ Պնդում են, որ գործով տուժած է ճանաչվել 59 մարդ։
«Բաքվում այժմ շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ «դատավարությունը»: Նրա հիմնարար իրավունքների աղաղակող խախտումները շարունակվում են։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն»,– X–ի իր միկրոբլոգում գրել է Մանասյանը։
Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։