Թուրքիան այժմ գազային հանգույցի նախագծով ճանապարհային քարտեզն է ուսումնասիրում. Նովակ

Այս նախագծի մասին հարցը մեկնաբանելիս ՌԴ նախագահն ավելի վաղ նշել էր, որ խոսքը նախևառաջ գազի վաճառքի էլեկտրոնային հարթակ ստեղծելու մասին է, ինչում շատերն են հետաքրքրված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. «Գազպրոմը» Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու նախագծի ճանապարհային քարտեզ է նախապատրաստել։ Թուրք գործընկերներն այժմ ուսումնասիրում են այն։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով այդ նախագծի մասին հարցը, նշել էր, որ խոսքը նախևառաջ գազի վաճառքի էլեկտրոնային հարթակ ստեղծելու մասին է, ինչում շատերն են շահագրգռված։ Ավելի ուշ «Գազպրոմ» ընկերությունը հայտնել էր, որ ՌԴ–ն և Թուրքիան Ռուսական էներգետիկ շաբաթվա շրջանակում քննարկել են թուրքական միջազգային գազային հանգույց ստեղծելու նախագիծը։
«Այդ նախագիծը քննարկման փուլում է, ճանապարհային քարտեզ է նախապատրաստվել, որն ուղարկվել է թուրք գործընկերներին։ Նրանք այժմ ուսումնասիրում են այն», – «RT Արաբիկ»–ին տված հարցազրույցում ասել է Նովակը։
ՌԴ–ի և Թուրքիայի նախագահները նախորդ տարվա հոկտեմբերին հանձնարարել էին մանրակրկիտ մշակել Թուրքիայում գազային հանգույց ստեղծման հարցը։ ԶԼՄ–ները հայտնել էին, որ այնտեղ հնարավոր կլինի տեղափոխել գազի մատակարարումը վնասված «Հյուսիսային հոսքերից»։ Նշվում էր, որ խոսքը ոչ միայն Թուրքիայում առևտրային հարթակի ստեղծման մասին է, այլև ենթակառուցվածքների զարգացման և հարավային ուղղությամբ մատակարարումների ավելացման։