ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ուզում է վերադարձնել հայ-ադրբեջանական բանակցությունների մոդերատորի առաջատար դիրքը։ Մոսկվայում հանդիպում անցկացնելու առաջարկն այդ տրամաբանության մեջ է տեղավորվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները։
Գարիկ Քեռյան
© Sputnik / Asatur Yesayants Asatur Yesayants
Ավելի վաղ Ռուսաստանի ղեկավարը Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի, ապա նաև մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է պայմաններ ստեղծել, նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Նրա կարծիքով` Լեռնային Ղարաբաղի հայտնի իրադարձություններից հետո դրա համար լուրջ խոչընդոտներ չկան։
Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանը ևս փորձում է մնալ Լեռնային Ղարաբաղում և ընդհանրապես տարածաշրջանում, այստեղից էլ բանակցային հարթակ տրամադրելու առաջարկը: Թեև հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի կորստով իրավիճակը բառացիորեն «գլխիվայր շուռ է եկել»։
«Կարծում եմ՝ կարելի է նույնիսկ որոշակի հակասություններ նկատել Մոսկվայի և Բաքվի միջև։ Հիշենք Պուտինի և Ալիևի երկխոսությունը Բիշքեկում երկկողմ հանդիպման ժամանակ։ Ռուսաստանի ղեկավարը, բացելով հանդիպումը, հայտարարեց, որ խոսելու բան կա, և դա առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է: Պատասխան ելույթում Ալիևը ոչ մի խոսք չասաց Լեռնային Ղարաբաղի մասին՝ դրանով կարծես հասկացնելով, որ Ղարաբաղի հարցը Ադրբեջանի համար փակ է»,-ասում է Քեռյանը։
Փորձագետը կարծում է, որ Մոսկվայի հայտարարություններում խաղաղապահների հեռանալու հեռանկարի հետ կապված որոշակի անհանգստություն է զգացվում: Ակնհայտ է, որ ռուսական խաղաղապահ զորախմբիհեռանալը զգալի հարված կլինի տարածաշրջանում ռուսական դիրքերին։
Միաժամանակ Քեռյանը ՀՀ և ՌԴ իշխանությունների կողմից նկատում է կառուցողական տրամադրվածություն պահպանելու որոշակի փորձեր։
«Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի փաստացի լուծարումից հետո ուզում էպահպանել դիրքերը Հայաստանում։ Եվ հատկապես Ադրբեջանի գործողությունների և հռետորաբանության ֆոնին, որոնք դժվար է ռուսամետ անվանել, Մոսկվան ավելի ակտիվ կաշխատի Երևանի հետ։ Այլ բան է, թե արդյոք Երևանում իշխանությունները ցանկանում են դա»,-նշում է Քեռյանը։
Մեր զրուցակիցը կարծում է, որ այժմ Փաշինյանը վայելում է եվրոպական առաջնորդների աջակցությունը։ Եվ հնարավոր է՝ Հայաստանի վարչապետը կարծում է, որ եթե ինքը մեկնի Մոսկվա, ապա կարող է կորցնել եվրոպացիների աջակցությունը, իսկ ինչ կստանա դրա փոխարեն Ռուսաստանից, առայժմ պատկերացում չունի։ Երևանի որոշման հարցում շատ բան կախված կլինի նրանից, թե ինչ կասեն եվրոպացի առաջնորդները, ինչ խորհուրդ կտան Փաշինյանին հոկտեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք բանակցությունների ընթացքում։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դրա նախագահը բավականին փորձառու և ճկուն քաղաքական գործիչ է։ Եթե նա զգա, որ Մոսկվայում իր վրա ճնշում է գործադրվելու նույն Լեռնային Ղարաբաղի հարցում, նա երբեք այնտեղ չի գնա։ Իսկ եթե տեսնի, որ Մոսկվան իր շահերն է պաշտպանում, ապա կհամաձայնի մոսկովյան ձևաչափին։