ՌԴ–ն կարևոր միջնորդ է Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորման համար. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը խաղաղության պայմանագիրը քննարկելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվան նախկինի պես կարևոր միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահն ասել է, որ մենք պատրաստ ենք նախ կազմակերպել նման նախարարական մարաթոն,և եթե անհրաժեշտ լինի` ոչ թե մեկ օրվա, այլ մի քանի օրվա կտրվածքով՝ մինչև կլինի արդյունք։ Մոսկվան նախկինի պես շատ կարևոր միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև` իրավիճակի կարգավորման վերջնականացման համար։ Իհարկե, տրամաբանական կլիներ, եթե այս ամենը ռուսական հարթակում լիներ։ Բայց ընտրությունն, իհարկե, Բաքվին ու Երևանինն է։ Բաքուն շատ կառուցողական դիրքորոշում ունի այդ հարցում, Երևանը դեռ այնքան էլ չի կողմնորոշվել. սպասում ենք արձագանքի»,– ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13–ին Բիշքեկում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը՝ քննարկելու խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը: