ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները` Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը, չեն քննարկել ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ճակատագիրը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Պուտին–Ալիևը հանդիպմանը չի քննարկվել Վարդանյանի հարցը»,– նշել է նա։
Պեսկովի խոսքով` զրույցի մի հատվածը եղել է առանց այլ անձանց ներկայության։
«Առանձնազրույցը բավական երկար է տևել, ես չգիտեմ` ինչի մասին է խոսվել», - հավելել Է ՌԴ նախագահի խոսնակը:
Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպել են երեկ` հոկտեմբերի 12-ին, Ղրղզստանում, որտեղ այսօր կայացել է ԱՊՀ գագաթնաժողովը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին, երբ նա փորձել է լքել Արցախը։ Ավելի ուշ պարզվեց, որ նրան 3 մեղադրանք է ներկայացվել, և ադրբեջանական դատարանը Արցախի նախկին պետնախարարին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։