ԿԽՄԿ–ն Արցախի նախկին պաշտոնյաներին չի տեսակցել

Բաքվի բանտում շարունակում են կալանավորված մնալ Արցախի նախկին պաշտոնյաները, այդ թվում` նախկին երեք նախագահները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ԿԽՄԿ–ն դեռ չի տեսակցել որևէ անձի, որը ձերբակալված է սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների առնչությամբ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Հիշեցնենք` ադրբեջանցի ուժայինները ձերբակալել էին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։ Վերջինիս մեղադրանք է առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տասնյակից ավել հոդվածներով, նրան սպառնում է ցմահ ազատազրկում։