ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավատարիմ մնան դրական և համաձայնեցված օրակարգին։ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Բրյուսելում կայանալիք հանդիպմանը։
«Վերադարձել եմ Բաքվից և Երևանից, որտեղ քննարկեցի հարաբերությունների համապարփակ կարգավորմանն ուղղված հետագա քայլերը»,– նշել է Կլաարը:
Նա հույս է հայտնել, որ այս փոխգործակցությունը կշարունակվի Բրյուսելում կայանալիք բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք` Տոյվո Կլաարը երեկ հանդիպել է ՀՀ վարչապետի, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։