ՀՀ–ում ավելանում է Covid–ով վարակվածների թիվը. հիվանդության նոր տարբերակ է հայտնաբերվել

Հայաստան. արխիվային լուսանկար
Հայաստանում հայտնաբերվել են ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի և կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության աճ, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված հիվանդացության ակտիվություն։ Միաժամանակ ՀՀ-ում դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
«Այլ շնչառական վարակներից հայտնաբերվել են ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի և կորոնավիրուսային հիվանդության (SARS-COV-2) հարուցիչներ, գերակշռում են կորոնավիրուսային հիվանդության (SARS-COV-2) հարուցիչները»,- ասված է գերատեսչության պատասխանում։
Նշվում է, որ Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի EG.5 (Էրիս) տարբերակը։ Նոր ենթատեսակի ախտանշաններն են հազը, փռշտոցը, գլխացավը, ջերմությունը։ Հանրապետությունում շրջանառվում են նաև XBB.1.5 (Կրակեն), XBB.1.16 (Արկտուրուս) տարբերակները։
Կորոնավիրուսի վերարտադրության ցուցանիշը կազմում է Rt=1.4։ Ավելին` Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի սկզբից հոկտեմբերի 9-ը ներառյալ COVID–ասոցացված կավասակիանման համախտանիշ արձանագրվել է մինչև 18 տարեկան 12 երեխայի մոտ, բոլորը ստացել են համապատասխան բուժում:
Միաժամանակ ՀՀ-ում մինչ օրս կապիկի ծաղիկ հիվանդության դեպք չի արձանագրվել: Վարակի ներբերման և տարածման վտանգը Հայաստանում համարվում է ցածր։
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը սուր շնչառական վիրուսային վարակների, գրիպի և կորոնավիրուսային վարակների աճի ֆոնին խորհուրդ է տալիս պատվաստել, իսկ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանների դեպքում (ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մարմնի ցավեր, կոկորդի ցավ, չոր հազ) դիմել բժշկական հաստատություններ և ժամանակին բժշկական օգնություն ստանալ:
Ինչպես ՄՈւԿ ունեցող Վահեն 500 երեխայի կյանք փոխեց. ձիաբուժության մասին ու ոչ միայն