«Հենց որ իրավիճակը կարգավորվի»․ Պուտինը` Հայաստան այցելելու մասին

Ռուսաստանի նախագահի խոսքով` այս պահին Հայաստանի վարչապետը զբաղված է Լեռնային Ղարաբաղի հայերի ողբերգության պատճառով, սակայն իրենք մշտական հեռախոսային կապ են պահպանում:
Sputnik
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Հայաստան այցելել Լեռնային Ղարաբաղի հայերի ողբերգության հետ կապված իրավիճակի կարգավորումից հետո։ Այս մասին նա լրագրողներին ասել է Բիշքեկում ԱՊՀ երկրների գագաթնաժողովից հետո։
«Մենք կապի մեջ ենք։ Եվ հրավեր կա, և նրա հրավերը Ռուսաստան։ Տեսնենք։ Դե, մենք ամեն ինչ հասկանում ենք: Մենք բոլորս հասուն մարդիկ ենք, հասկանում ենք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Դա Ղարաբաղի հայերի ողբերգությունն է, հավանաբար նա հիմա այցերի ժամանակ չունի»,-ասել է Պուտինը։
Նա միաժամանակ նշել է, որ Հայաստանի վարչապետի հետ կապի մեջ է, շարունակում են աշխատել։
«Երբ նորմալ իրավիճակ ստեղծվի, ես կգնամ նրանց մոտ, նա էլ կգա։ Մենք համապատասխան աշխատանքային գրաֆիկ ունենք: Մեր բոլոր ծառայությունները կապի մեջ աշխատում են։ Ե՛վ ԱԳՆ-ն, և՛ կառավարության տնտեսական բլոկն աշխատում են։ Աշխատանքը չի դադարում, ընթանում է»,- նշել է Պուտինը։
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ պատճառաբանելով, որ այդ դեպքում Երևանը կարող է դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը (այդ թվում՝ 2021-22 թթ. ՀՀ տարածք ներխուժումների ընթացքում)։ ՌԴ-ում այս որոշումը խիստ բացասաբար ընդունեցին, քանի որ այդ կառույցը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը ձերբակալելու օրդեր է տվել։ Հայաստանի պաշտոնյաներն իրենց հերթին վստահեցնում են, որ վավերացումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ, և Երևանն իրավիճակի վերաբերյալ մի շարք առաջարկներ է ուղարկել Մոսկվային: