ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը 2024 թ. կընդունի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը, իսկ Գյումրին հռչակված է ԱՊՀ սպորտային մայրաքաղաք: «Արմենպրեսի» հետ զրույցում այդ մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը` արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։
ՌԴ նախագահն ավելի վաղ հույս էր հայտնել, որ հաջորդ տարի ԱՊՀ խաղերը Գյումրիում հաջող կանցկացվեն:
«Ինֆորմացիան սխալ է. 2025 թ. ԱՊՀ խաղերն ընդունելու է Ադրբեջանը: Գյումրին հայտարարված է 2024 թ. ԱՊՀ սպորտային մայրաքաղաք: Սպորտի հանձնաժողովի նախագահ մեկ տարով ընտրվել եմ ես: Գյումրիում կկայանա ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի ֆորումը, բայց մեր հյուրերը կլինեն նաև Ծաղկաձորում և Երևանում»,– ասել է Գիլոյանը:
Նրա խոսքով` ԱՊՀ երկրները համաժողովին ներկայացված կլինեն նախարարի կամ փոխնախարարի մակարդակով:
Նշենք, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում օգոստոսին կայացել էր ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստը։ Այստեղ էլ հաստատվել էր, որ Գյումրին ճանաչվում է ԱՊՀ երկրների 2024 թ. սպորտային մայրաքաղաք: