Արա Մալիկյանը երևանյան համերգներից ստացված ողջ հասույթը կփոխանցի արցախցի ընտանիքներին

Արա Մալիկյան
Երաժիշտը որոշել է իր երևանյան համերգները նվիրել հայոց մայրաքաղաքի 2805-ամյակին, որը չի նշվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը որոշել է Հայաստանում առաջին համերգից ստացված ողջ հասույթը փոխանցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին: Այս մասին նա ասել է Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Մալիկյանը նկատեց, որ Երևանում երկու համերգ է նախատեսվում՝ հոկտեմբերի 13-ին և 14-ին, սակայն քանի որ իր երաժիշտները չեն կարողացել Երևան հասնել՝ չեղարկված ավիաչվերթների պատճառով, առաջին համերգը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 15-ը:
Երաժիշտը պատմեց, որ ամբողջ կյանքում երազել է պատմական հայրենիքում համերգ ունենալու մասին, սակայն մի շարք հանգամանքների բերումով հետաձգել է այն: Սակայն նախորդ տարվա վերջին համերգ կազմակերպելու առաջարկ է ստացել, և համաձայնվել է։ Նա խոստովանեց, որ հանդես է եկել տասնյակ երկրներում, և ամեն անգամ հանդիսատեսն իրեն շատ ջերմ է ընդունել, բայց այս անգամ ավելի մեծ պատասխանատվություն է զգում:
«Մեր հայրենիքը հիմա բարդ ժամանակներ է ապրում, և մենք երկար ենք մտածել՝ չեղարկել համերգը, թե ոչ։ Բայց արդյունքում որոշեցինք մեր հանդիսատեսին չզրկել դրական էմոցիաներից, իսկ ամբողջ հասույթն ուղղել Լեռնային Ղարաբաղից հինգ ընտանիքների»,-ասաց ջութակահարը։
Մալիկյանը խոստովանեց, որ իր երաժշտության վրա ազդեցություն են ունեցել կոմպոզիտորներ Կոմիտասը, Սայաթ-Նովան, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը: Հարցին, թե արդյոք ինչ-որ հայկական բան կատարելու է, երաժիշտը դրական պատասխանեց՝ «այո, իմ գործերից»: Նա հիշեցրեց իր ծագման մասին և ընդգծեց, որ իր գրած ցանկացած երաժշտություն հայկական է։
«Ինչ ոճով էլ գրեմ, իմ երաժշտությունը ներծծված է հայկական մոտիվներով։ Իմ սիրտը հայերեն է զարկում, իմ հոգին հայերեն է խոսում և իմ երակներում հայկական արյուն է հոսում»,-ասաց նա։
Երաժիշտը նշեց, որ Երևանի փողոցներում իրեն ճանաչում են, և դա շատ հաճելի է: Նա վստահ է, որ հայրենակիցները ջերմորեն կդիմավորեն իրեն, և Երևանում համերգներն ամենահիշարժանը կլինեն:
Արա Մալիկյան
«Գիտեմ, որ այս տարի Հայաստանի մայրաքաղաքը 2805 տարեկան է դառնում, բայց ստեղծված իրավիճակի պատճառով տոնական միջոցառումներ չեն լինի։ Ես որոշել եմ համերգները նվիրել Երևանի 2805-ամյակին»,-եզրափակեց Մալիկյանը։
Նշենք, որ Արա Մալիկյանը ծնվել և ապրել է Լիբանանում, այնուհետև տեղափոխվել է Իսպանիա, սակայն երբեք չի մոռացել իր արմատները: Համերգներից մեկը նա նվիրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Մալիկյանի կյանքում ջութակի հայտնվելը պատահական չէ։ Հենց ջութակն է նրա երաժիշտ պապի կյանքը փրկել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ներկայանալով որպես ջութակահար՝ նա մի խումբ երաժիշտների հետ կարողացել է հասնել Լիբանան։
Արա Մալիկյանի հայրը նույնպես երաժիշտ էր։ Հենց նա է որդու մեջ սեր սերմանել հրաշալի երաժշտական գործիքի հանդեպ։
1 / 4

Արա Մալիկյան

2 / 4

Արա Մալիկյան

3 / 4

Արա Մալիկյան

4 / 4

Արա Մալիկյան