Անհրաժեշտ է բացառել ՀՀ ինքնիշխանության դեմ ցանկացած ոտնձգություն. Միրզոյան

Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են նաև են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության առանցքային ուղերձները համահունչ բանակցային գործընթացը պետք է շարունակվի։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ։ Հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգության, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման անհրաժեշտությունը։
«Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանմանը, ԼՂ-ն փաստացի էթնիկ զտման ենթարկվելու հետևանքով ստեղծված իրավիճակին, ԼՂ հայության իրավունքների և առկա հումանիտար խնդիրների հասցեագրման անհրաժեշտությանը»,– ասված է հաղորդագրությունում։
Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:
Հիշեցնենք` ավելի վաղ Կլաարին ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Կլաարը Հայաստանում էր նաև սեպտեմբերի 22–ին։ Արցախում տիրող հումանիտար ծանր իրավիճակն ու հայ–ադրբեջանական սահմանային հարցերը նա քննարկել էր ինչպես Արմեն Գրիգորյանի, այնպես էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։