Արցախից բռնի տեղահանվածները ևս կարող են նպաստել տնտեսական ակտիվության ցուցանիշին․ Քթոյան

Sputnik
Արժույթի միջազգային հիմնադրամը «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» նոր զեկույցում վերանայել է 2023 թվականի համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը` 5.5 տոկոսից բարձրացնելով մինչև 7 տոկոս։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը կարծիք է հայտնել, որ նախկին կանխատեսման մեջ արժույթի միջազգային հիմնադրամը ներառել է հիմնականում այն սպասելիքները, որ ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված գործոնների ազդեցությունը տարվա ընթացքում էապես կնվազի, ինչի հետևանքով` տնտեսական ակտիվությունն էապես կթուլանա։
Հայաստանում ներկայում տնտեսական ակտիվությունը գնահատվում է 10 տոկոսին մոտ, ուստի Քթոյանը չի բացառում, որ տարեվերջին տնտեսական աճը կարող է ոչ միայն հասնել ԱՄՀ-ի կանխատեսած ու Հայաստանի պետական բյուջեի հիմքում դրված 7 տոկոս ցուցանիշին, այլ նույնիսկ գերազանցել այն, իսկ դրան, ըստ տնտեսագետի, կարող են նպաստել նաև Հայաստանում ապաստան գտած Արցախից բռնի տեղահանվածները։