Ոստիկանության պարեկային ծառայությունը մի քանի օրից կգործի ՀՀ ամբողջ տարածքում. Ղազարյան

Պարեկային ծառայության ավտոմեքենա
ՀՀ վարչապետը համոզված է` ՀՀ ոստիկանությունը, այդ թվում` հենց պարեկային ծառայությունը, այսօր մեծ վստահություն հանրության շրջանում ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի վերջին ոստիկանության պարեկային ծառայությունը կգործի Հայաստանի ամբողջ տարածքում։ ՀՀ կառավարության նիստում այդ մասին հայտարարեց ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
«Մինչ այս պահը պարեկային ծառայությունը գործում էր Երևանում ու ՀՀ վեց մարզում, հիմա արդեն կընդգրկվեն նաև Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը»,– ասաց նա։
Այդ նպատակով ՀՀ–ն անհատույց գույք է ստացել Եվրամիությունից։
«Եվրամիությունից ակնկալում ենք ընդհանուր առմամբ 75 «Շկոդա» մակնիշի ամենագնաց, որից 51–ն արդեն ՀՀ–ում են, մնացած 24–ը երկրորդ փուլով կհանձնվեն ՀՀ–ին։ Այս բոլոր մեքենաները կծառայեն հենց վերջին 4 մարզում»,– նշեց Ղազարյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելացրեց, որ 2023 թ. դեկտեմբերին Սևանա լճում կգործարկեն նաև ջրային պարեկային ծառայությունը։
Պարեկային ծառայության մոտորանավերը դուրս են բերվել Սևանա լիճ. տեսանյութ
«Հիմա մենք ունենք երկու մոտորանավակ, որը նվիրել է ՌԴ կառավարությունը, ևս երկուսը նրանից ձեռք կբերենք մրցույթով։ Եվս մեկ մոտորանավակ որպես նվեր կստանանք ԵՄ անդամ երկրներից մեկից, թե որ մեկից, մոտ օրերս կիմանաք, երբ կգա, տեղ կհասնի»,– հայտարարեց վարչապետը։
Փաշինյանը ընդգծեց, որ պարեկային ծառայության համար նաև ՀՀ կառավարությունն է մրցութային կարգով տրամադրել 65 «Շկոդա» մակնիշի մեքենաներ։
«Ես ասել եմ ու նորից կրկնում եմ` պարեկային ոստիկանությունը ոչ մի օգտագործած ու հին գույք չպետք է ունենա` սկսած զենքից»,– ասաց նա։
ՀՀ վարչապետի համոզմամբ` ՀՀ ոստիկանությունը, այդ թվում` հենց պարեկային ծառայությունը, այսօր մեր հանրության շրջանում ունի մեծ վստահություն։
Պարեկային ծառայությունը ոստիկանական համակարգում հեղափոխություն է արել. Ղազարյան