ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը ևս քայլեր է ձեռնարկում նրան ազատելու համար։ News.am–ի հետ զրույցում այդ մասին ասել է Ռուբեն Վարդանյանի որդին` Դավիթ Վարդանյանը` միաժամանակ նշելով` բայց դրանց մասին դեռ վաղ է խոսել։
«Հայաստանի Հանրապետությունը հայց է ներկայացրել միջազգային ատյաններ ոչ միայն հորս, այլև Ադրբեջանի կողմից տարված բոլոր գերիներին ազատ արձակելու համար։ Հոկտեմբերի 12-ին Հաագայում դատավարություն է լինելու նրանց հնարավոր ազատ արձակման վերաբերյալ։ Մենք մեծ հույս ունենք, որ այս գործընթացը հաջող ավարտ կունենա»,– նշել է նա:
Դավիթ Վարդանյանը նաև ասել է, որ իր մայրը հոր` Ռուբեն Վարդանյանի հետ զրուցել է երեկ` հոկտեմբերի 11–ին, ինչպես նաև հոկտեմբերի 3–ին։
«Ես ներկա չեմ եղել։ Ինչքան հասկացա, զանգը շատ կարճ է եղել։ Նա ասել է, որ լավ վիճակում է: Այլ մանրամասներ չեն քննարկել։ Ասել է, որ կարոտում է: Մենք էլ նրան ենք կարոտում: Նա պարզապես խնդրել է, որ հոգ տանենք բոլոր նրանց մասին, ովքեր տուժում են այս ամբողջ իրավիճակից»,– պատմել է Վարդանյանի որդին:
Դավիթ Վարդանյանի տեղեկություններով` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները կապվել են իր մոր հետ և ասել, որ ցանկանում են կապ հաստատել նաև հոր` Ռուբեն Վարդանյանի և Բաքվում պահվող մյուսների (Արցախի նախկին նախագահների ու ղեկավար մյուս կազմի հետ. խմբ.) հետ։
Ռուբեն Վարդանյանի ընտանիքին հաջողվել է ունենալ իր փաստաբանը, որն էլ ներկայացնում է Վարդանյանի շահերը Բաքվի դատարանում։ Դավիթ Վարդանյանի խոսքով` ոչ կառավարական կազմակերպություններից փոխանցած կոնտակտների, ինչպես նաև ծանոթների միջոցով կարողացել են կապ հաստատել տեղացի փաստաբանի հետ, որին վարձել են հոր շահերը ներկայացնելու համար:
Հարցին, թե ինչ երաշխիք կա, որ օրինական ճանապարհով հնարավոր կլինի հասնել Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը, եթե Ադրբեջանը չի ենթարկվում միջազգային դատարանների որոշումներին, Դավիթ Վարդանյանը վստահություն է հայտնել, որ Արդարադատության միջազգային դատարանը դեռևս ազդեցություն ունի։
«Ես գիտեմ, որ նախկինում խնդիրներ են եղել Արդարադատության միջազգային դատարանի որոշումների իրականացման հետ կապված, բայց ես իսկապես հավատում եմ այս հաստատություններին և հուսով եմ, որ այս գործընթացը կօգնի ազատել հորս»,– ասել է նա:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին, երբ նա փորձել է լքել Արցախը։ Ավելի ուշ պարզվեց, որ նրան 3 մեղադրանք է ներկայացվել, և ադրբեջանական դատարանը Արցախի նախկին պետնախարարին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։