ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. «Մոսկվա» կինոթատրոնի և Նկարիչների միության շենքերի պահպանության գոտում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է միության կողմից, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից։
Նշվում է, որ խոսքը 1995 թվականի վաճառքի մասին է։ «Նկարիչների միություն» հասարակական կազմակերպության և «Աղաբեկյան և Բեկ ինթերնեշնլ» ԱՁ-ի միջև կնքվել է պայմանագիր, որով պետական սեփականություն հանդիսացող՝ Աբովյան փողոցի 16 հասցեի շենքի և «Մոսկվա» կինոթատրոնի միջնամասում գտնվող 3800.5 քմ մակերեսով 4 կիսակառույց շինությունները 300 հազար ԱՄՆ դոլարով վաճառվել են ԱՁ-ին։
«Մինչդեռ «Նկարիչների միություն» հասարակական կազմակերպությունը չուներ այդ իրավունքը (պետությունը դրանք չէր օտարել ՀԿ-ին)»,–նշվում է հաղորդագրությունում:
Մեկ տարի անց նույն տարածքը հրապարակային աճուրդով օտարվել է «Մելլաթ» բանկին:
Բանկը 2006 թվականի հուլիսի 19-ին այդ տարածքը օտարել է «Դիդաս ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության 798 մլն 84 հազար դրամով: Այնուհետև ընկերությունը հաջորդ տարի «Ջուխտակ» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել Թումանյան փողոց 3 հասցեի 554.3 քմ մակերեսով հողամասից և 35.2 քմ մակերեսով ավտոտնակից բաղկացած անշարժ գույքը և այդ տարածքը միավորվել Աբովյան 16 հասցեի հետ՝ վերագրանցվելով որպես Աբովյան 16/1 հասցե՝ 3835.3 քմ մակերեսով հողամասով:
«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերոնշյալ տարածքն ընդգրկված է պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտում: Ընկերության անվամբ գրանցելու պահին տարածքն ընդգրկված է եղել Հողային օրենսգրքի սահմանափակումների ցանկում և օտարման ենթակա չի եղել»,–հավելում են դատախազությունից։
Դեպքով դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ քրեական վարույթ է հարուցվել 1961 թվականի հուլիսի 1–ին ընդունված Քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածով (ուրիշի գույքին տիրանալը), 184-րդ հոդվածով և 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: