ՆԱՏՕ-ի ՊՆ ղեկավարները կքննարկեն Ուկրաինայի, Կոսովոյի և Մերձավոր Արևելքի իրադրությունը

Յենս Ստոլտենբերգ
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի խոսքով` Իսրայելի պաշտպանության նախարարը իրենց կտեղեկացնի ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո ստեղծված իրավիճակի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինային աջակցելը, պաշտպանությունը և ՆԱՏՕ-ի գործողությունները, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը կլինեն դաշինքի երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպման առանցքային թեմաները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։
ՆԱՏՕ-ի ՊՆ ղեկավարների հանդիպումը տեղի կունենա այսօր Բրյուսելում։
«Նախարարների հանդիպման ժամանակ մենք կքննարկենք հարցերի լայն շրջանակ` աջակցություն Ուկրաինային, պաշտպանություն, ՆԱՏՕ-ի առաքելությունները և գործողությունները Կոսովոյում, Իրաքում: Այսօր Իսրայելի պաշտպանության նախարարը մեզ կտեղեկացնի նաև ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունից հետո ստեղծված իրավիճակի մասին», - ասված է Ստոլտենբերգի և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի համատեղ հայտարարությունում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է իրականացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Հակամարտության սրման հետևանքով Իսրայելի բնակիչների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 1200-ը։ Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1100-ը։
Հակամարտության զոհերի թվում կան օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ ռուսաստանցիներ։
Իսրայելը գնդակոծել է Գազայի հատվածում իրանական IRIB հեռուստառադիոընկերության գրասենյակը