ԼՂ հայաթափումը ՀՀ կառավարության ծրագրում և քաղաքական ցանկությունների մեջ չի եղել. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան
Վարչապետը նաև հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը բռնի տեղահանված արցախցիներին աջակցելու հարցում միջազգային ֆինանսական աջակցության կարիք ունի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ԼՂ հայաթափումը ՀՀ կառավարության ծրագրերում ու քաղաքական ցանկությունների մեջ չի եղել։ ՀՀ կառավարության նիստին այսօր հատարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչ արվել է, գործնականում արվել է օրերի ընթացքում։ Մենք նախապես ոչինչ չէինք պլանավորել, ու միջազգային հանրությունը հիմա զարմանում է, թե մենք ինչպես կարողացանք հաղթահարել հումանիտար ճգնաժամը, ու մեր փողոցներում չենք տեսնում անօթևաններ։ ՀՀ կառավարությունը կարողացել է իր կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերով նրանց բոլորի կարիքները հոգալ»,– հայտարարեց նա։
Վարչապետը նաև ասաց, որ ՀՀ կառավարությունը միջազգային ֆինանսական աջակցության կարիք ունի` բռնի տեղահանված արցախցիներին աջակցելու հարցում:
«Հիմա միջազգային գործընկերներն արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանին, որ հոգանք բռնի տեղահանվածների կարիքները: Այս փաստը առանձնահատուկ եմ շեշտադրում, որովհետև, ցավոք, մարդկության պատմությունը միշտ ցույց է տվել, որ նման իրադրություններում չարաշահումները շատ են լինում։ Այդ նպատակով հետագա համագործակցության հիմքում մենք միշտ դնելու ենք գործընթացի թափանցիկությունը, հաշվետվողականությունն ու հետագծելիությունը, որպեսզի ոչ մի դոնորի կամ ՀՀ քաղաքացու մոտ երբևէ կասկած չառաջանա, թե գումարն ո՞ւր գնաց»,– ընդգծեց Փաշինյանը:
Կասկածների դեպքում, ըստ նրա, մեր պետական համապատասխան մարմինները պետք է վերահսկողություն իրականացնեն։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։