ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, առերեսվել է գործով տուժողի կարգավիճակ ունեցող 2 կարմիրբերետավորի հետ։ Ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լևոն Քոչարյանին առաջադրված մեղադրական գործով ոստիկանության 2 ծառայող տուժող են ճանաչվել, ևս 2-ն էլ վկաներ են։
«Երեկ առերես հարցաքննություններ են տեղի ունեցել Լևոն Քոչարյանի և տուժողի կարգավիճակ ունեցող 2 կարմիրբերետավորի միջև։ Նախաքննության գաղտնիքից ելնելով` չեմ կարող ասել, թե առերես հարցաքննության ժամանակ ինչ են հայտնել նրանք։ Մի բան կասեմ` եթե ըստ վարույթ իրականացնող մարմնի ընկալման` ի սկզբանե իրենց կողմից հայտնած տեղեկությունները սուպերմեղադրական բնույթ են կրել, ապա առերեսումների ժամանակ այդ պատկերը լիովին փոխվեց»,– ասաց փաստաբանը։
Նա վստահեցրեց` երբ նախաքննության գաղտնիքի հրապարակմամբ կաշկանդված չլինեն, կհրապարակեն առերես հարցաքննությունների արձանագրությունները։ Ալեքսանյանը խոսքով` դրանից հետո բոլորի համար մեղադրական բնույթ ունեցող «ֆանտաստիկ» փաստական տվյալները կորցրած կլինեն իրենց արժեքը` հենց ոստիկանների խոսքերից ելնելով։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր սկսվեցին։
Սեպտեմբերի 22–ի առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Կարմիրբերետավորներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին։ Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա 1 ամսով կալանավորվել է։
Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ սեպտեմբերի 22-ին խաղաղ ցույցի ժամանակ նա չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու օրինական պահանջ և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ։ Նույն օրը Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս իրավապահները այնպես են հարվածել նրան, որ փակ գանգուղեղային վնասվածք է ստացել։