ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելում ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան, Երուսաղեմի հայկական եկեղեցին չի տուժել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ–ն։
Նշվում է, որ հայեր բնակվում են Երուսաղեմ, Թել Ավիվ, Խայֆա, Պեթախ Թիկվա, Բաթ Յամ քաղաքներում։
ՀՀ ԱԳՆ–ն մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ:
«ՀՀ դեսպանության թեժ գիծը գործում է հոկտեմբերի 9-ից, և մինչ օրս ստացված հեռախոսազանգերի ընթացքում տրված հիմնական հարցերը վերաբերում են անհրաժեշտության դեպքում Իսրայելից Հայաստան չվերթների առկայությանը: Նշենք, որ այս պահին Բեն-Գուրիոնի օդանավակայանը շարունակում է գործել, ավիաուղիներն իրականացնում են չվերթներ»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Իրականացվում է նաև ՀՀ վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների կամավոր գրանցում՝ ըստ իրավիճակի զարգացման անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:
Մինչ օրս արձանագրվել է Թել Ավիվի շրջանում գտնվող Արևելյան միջերկրածովյան միջազգային դպրոցում (The Eastern Mediterranean International School (EMIS)) ուսանող ՀՀ երեք քաղաքացիների ՀՀ վերադառնալու խնդիր, ինչին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն:
24–ժամյա ռեժիմով շարունակում է գործել թեժ գիծ՝ +972 50 6670345 (ուղիղ հեռախոսակապ), իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարության թեժ գիծը՝ +374 (55) 620111 հեռախոսահամարով, հասանելի է նաև WhatsАpp և Viber հավելվածներով։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: