Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Հովհաննիսյանը արցախցիների տեղահանումից հետո ստեղծված վիճակը ներկայացրել է ԵԽ պաշտոնյային

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հարցերի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ավելի քան 100 հազար հայի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն այսօր ներկայացրել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Տոբադելի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հովհաննիսյանը երախտիքի խոսքեր է փոխանցել Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների կողմից մարդասիրական աջակցություն տրամադրելու համար:
«Նախարարի տեղակալը բարձր է գնահատել հայկական կողմի համար առաջնային նշանակություն ունեցող հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը՝ հատուկ կարևորելով հոկտեմբերի 5-ին ընդունված «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի» մասին բանաձևը, որը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ նախապես ծրագրված և չարդարացված ռազմական հարձակումը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք այլ հարցեր, ներառյալ՝ միջխորհրդարանական համագործակցությունը։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հարցերի:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։