ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանին խաղաղ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության կողմից բռնության ենթարկելուց հետո իրավապահները հրաժարվել են շտապօգնություն կանչել։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ սեպտեմբերի 22-ին խաղաղ ցույցի ժամանակ նա չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու օրինական պահանջ և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ։ Նույն օրը Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս իրավապահները այնպես են հարվածել նրան, որ փակ գանգուղեղային վնասվածք է ստացել։
«Ոստիկանության բաժանմունքում սկզբում հրաժարվել են Լևոն Քոչարյանի համար շտապօգնություն կանչել, չնայած այն բանին, որ նա դժգոհել է ինքնազգացողությունից։ Մոտ 30 րոպե պահանջել է, որ բժիշկ կանչեն։ Նրա մոտ սրտխառնոց է եղել և գլխապտույտ։ Բժշկական միջամտությունն ի վերջո եղել է, բայց ուշացված»,– նշեց փաստաբանը։
Ալեքսանյանն ընդգծեց, որ նախաձեռնված քրեական վարույթն ուղղակի զավեշտ է, և դա միայն պաշտպանության կողմի սուբյեկտիվ կարծիքը չէ, այլ օբյեկտիվ պատճառների վրա հիմնված դատողություն։
«Զավեշտն այն է, որ Լևոն Քոչարյանը և՛ ծեծի է ենթարկվել, և՛ կալանավորվել։ Վարույթն իրավաբանության հետ ոչ մի աղերս չունի։ Կա նաև մեկ այլ վարույթ` Լևոն Քոչարյանին խոշտանգելու գործով, բայց որևէ կարմիրբերետավոր մինչ այս պահը պատասխանատվության չի ենթարկվել, նույնիսկ մեղադրանք չի առաջադրվել»,– ասաց փաստաբանը։
Ալեքսանյանը շեշտեց, մեղադրանքում նշված է, որ մեքենա նստեցնելուց առաջ Լևոն Քոչարյանը ոտքերով հարվածել է ոստիկանության աշխատակիցներից մեկի` Հրաչիկ Խաչատրյանի ոտքերին, իսկ դրանից հետո էլ մեքենայում մեկ այլ ծառայողի նկատմամբ է բռնություն կիրառել։ Այսպիսով, գործով կա 2 տուժող և 2 վկա։
Փաստաբանը վստահեցրեց` 4 ոստիկանից որևէ մեկի ցուցմունքն արժանահավատ չէ, քանի որ որևէ փաստական հանգամանք չկա, որոնք կհաստատեն նրանց ասածները։
Ալեքսանյանը ասուլիսի ընթացքում ցուցադրեց սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ տեսանյութը, որտեղ երևում է, որ բերման ենթարկելու ժամանակ Հրաչիկ Խաչատրյանը գտնվում է Լևոն Քոչարյանի մեջքի կողմում և ոտքերով հարվածներ չի ստանում։ Հակառակը` կադրերում երևում է, որ Հրաչիկ Խաչատրյանը Լևոն Քոչարյանի նկատմամբ խեղդելու հնարք է կիրառում մեքենա նստեցնելու ժամանակ ։
Մեկ այլ կադրում էլ երևում է, որ արդեն մեքենայի մեջ նույն Հրաչիկ Խաչատրյանը և ևս 2 ոստիկան հարվածներ են հասցնում Լևոն Քոչարյանին, իսկ այդ ընթացքում վերջինս ձեռքերով պահում է գլուխը։ Ըստ մեղադրանքի` ոստիկանները մեքենայում հորդորել են Քոչարյանին չհայհոյել և իրեն հանգիստ պահել, այնինչ մեքենա նստելուց ընդամենը 2 վայրկյան անց նրան հարվածներ են հասցվում։
«Քրեական վարույթի շրջանակում նշվում է, որ Լևոն Քոչարյանը մեքենայում 2 ոստիկանի է ծեծի ենթարկել, սակայն չկա որևէ բժշկական փաստաթուղթ կամ դատաբժշկական եզրակացություն, որ նրանք վնասվածքներ են ստացել։ Հակառակը` կան փաստաթղթեր, որ Լևոն Քոչարյանն ունի մարմնական վնասվածքներ»,– ասաց Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր սկսվեցին։
Սեպտեմբերի 22–ի առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Կարմիրբերետավորներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին։ Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա 1 ամսով կալանավորվել է։