ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրներ։ Այս մասին տեղեկանում ենք պաշտպանի լրատվական ծառայությունից։
Պաշտպանի կողմից հատուկ ընդգծվել է նաև բռնի տեղահանված անձանց կարիքների գնահատման և հասցեագրման անհրաժեշտությունը` տեղահանվածների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրազեկման աշխատանքների իրականացման համատեքստում:
«Պաշտպանը ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին ներկայացրել է նաև Ադրբեջանի՝ պետության տարբեր մակարդակներում դրսևորվող և խրախուսվող հայատյաց քաղաքականության վերաբերյալ փաստեր»,–ասվում է հաղորդագրությունում:
Կողմերը քննարկել են բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ Եվրոպայի խորհրդի հետ ծրագրային համագործակցության հնարավորությունները։
Իր հերթին Լեյլա Քայաջիկը կարևորել է պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելության իրականացման մեջ՝ վստահություն հայտնելով համագործակցության շարունակական ամրապնդման վերաբերյալ:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։