ՀՀ մարզեր տեղափոխված 80 401 բռնի տեղահանվածներից 8 030-ը հյուրանոցներում է

Արցախից բռնի տեղահանվածները Գորիսում
ՏԿԵ նախարարն ընդգծեց, որ հյուրանոցներում ապրող մարդկանց մոտ օրերս ՀՀ կառավարությունը պետք է տեղափոխի այլ վայրեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարզերում այս պահին գտնվում է ԼՂ–ից բռնի տեղահանված 80 401 մարդ։ ՀՀ կառավարության նիստին տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանը։
«Նրանց բոլորի ֆիզիկական գտնվելու վայրը գիտենք` բոլոր բնակավայրերով ու համայնքներով»,– վստահեցրեց նա։
Նախարարի տվյալներով` 8 030 մարդ հիմա ապրում է մարզերի հյուրանոցներում, մոտ 1700 մարդ էլ` առանձին տներում և բնակարաններում։
Սանոսյանի խոսքով` հյուրանոցներում ապրող մարդկանց մոտ օրերս կառավարությունը պետք է տեղափոխի այլ վայրեր, որպեսզի հյուրանոցները կարողանան վերսկսել իրենց բնականոն գործունեությունը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։