Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը Նիկոլ Փաշինյանը քննարկել է Տոյվո Կլաարի հետ

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վարչապետ Փաշինյանի մոտ տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
«Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով առկա հումանիտար իրավիճակին»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` այսօր ավելի վաղ Կլաարին ընդունել էր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Կլաարը Հայաստանում էր նաև սեպտեմբերի 22–ին։ Արցախում տիրող հումանիտար ծանր իրավիճակն ու հայ–ադրբեջանական սահմանային հարցերը նա քննարկել էր ինչպես Արմեն Գրիգորյանի, այնպես էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։