Գազայի հիվանդանոցները կարող են դիահերձարանների վերածվել. ԿԽՄԿ

Իսրայելը հրթիռակոծություններից հետո
ԿԽՄԿ–ն պատրաստ է մարդասիրական այցեր իրականացնել, աջակցել պատանդների և նրանց ընտանիքների միջև կապի պահպանմանը, ինչպես նաև պատանդների հնարավոր ազատ արձակմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Գազայի հատվածի հիվանդանոցները իսրայելական ռմբակոծությունների հետևանքով կարող են մնալ առանց էլեկտրականության և վերածվել դիահերձարանների: Այս հայտարարությունն արել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Մերձավոր և Միջին Արևելքի օպերատիվ գործունեության տարածաշրջանային վարչության տնօրեն Ֆաբրիցիո Կարբոնին:
Նրա խոսքով՝ հոսանքազրկումների պատճառով վտանգի տակ են հայտնվել ինկուբատորներում գտնվող նորածիններն ու թթվածնի կարիք ունեցող տարեց հիվանդները: Հնարավոր չէ հեմոդիալիզ իրականացնել և ռենտգեն հետազոտություններ կատարել:
Կարբոնիի խոսքով` Գազայի բնակիչներն արդեն խմելու ջրի խնդիրներ ունեն:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ պատանդ վերցնելն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով. բոլոր գերեվարված մարդիկ պետք է անհապաղ ազատ արձակվեն:
«Իսրայելցիներն արդեն խելագարվում են անհանգստությունից, քանի որ նրանց հարազատները պատանդ են վերցվել։ Մենք կապի մեջ ենք ՀԱՄԱՍ–ի և Իսրայելի իշխանությունների հետ, որպեսզի փորձենք լուծել այդ հարցը»,– ասել է ԿԽՄԿ ներկայացուցիչը։
Նա նաև տեղեկացրել է, որ ԿԽՄԿ–ն պատրաստ է որպես չեզոք միջնորդ մարդասիրական այցեր իրականացնել, աջակցել պատանդների և նրանց ընտանիքների միջև կապի պահպանմանը, ինչպես նաև պատանդների հնարավոր ազատ արձակմանը:
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ Եգիպտոսը չի ցանկանում միջանցք բացել Գազայի հատվածի փախստականների համար:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է իրականացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Հակամարտության սրման հետևանքով Իսրայելի բնակիչների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 1200-ը։ Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1100-ը։
Հակամարտության զոհերի թվում կան օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ ռուսաստանցիներ։
Իսրայելը գնդակոծել է Գազայի հատվածում իրանական IRIB հեռուստառադիոընկերության գրասենյակը