Բաղրամյան համայնքի պաշտոնյան կալանավորվել է շուրջ 50 հազար դոլար կաշառք ստանալու համար

Արխիվային լուսանկար
Եվս երեք անձ մեղադրվում են կաշառք տալու և կաշառք ստանալուն օժանդակելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետը կալանավորվել է տարբեր անձանցից շուրջ 50 հազար դոլար կաշառք ստանալու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Տ. Ղ.–ն, որպեսզի Ռ. Ս.–ի օգտին առանց խոչընդոտների և ձգձգումների աճուրդային եղանակով օտարի Բաղրամյան համայնքին պատկանող 22 հա մակերեսով հողամասը, 2023 թ. հուլիս–օգոստոսն ընկած ժամանակահատվածում պետական վճարումներից բացի նրանից պահանջել է ավելի քան 16 մլն դրամին համարժեք շուրջ 42 հազար ԱՄՆ դոլար կաշառք:
Բացի այդ, նույն ժամանակահատվածում մեկ այլ քաղաքացուց էլ` Ս. Վ.–ից Կ. Բ.–ի օժանդակությամբ պահանջել է մոտ 3 մլն դրամին համարժեք՝ 7.500 ԱՄՆ դոլար կաշառք` Բաղրամյան համայնքին պատկանող 5 հա մակերեսով հողամասն առանց խոչընդոտների և ձգձգումների աճուրդային եղանակով օտարելու համար։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ հոկտեմբերի 11–ին 4 անձինք` Տ. Ղ.-ն, Կ. Բ.-ն, Ռ. Ս.-ն և Ս. Վ.-ն ձերբակալվել են:
Նշվում է, որ խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար Տ. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել: Նա կալանավորվել է։
Մյուս երեք անձինք մեղադրվում են կաշառք տալու և կաշառք ստանալուն օժանդակելու համար:
Նախաքննությունը շարունակվում է: