ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. «Ասիամեգաստրոյ» ՍՊ ընկերության համահիմնադիրը և տնօրենը առանձնապես խոշոր չափերով հափշտակություն են կատարել` որպես կառուցապատող բնակարանի ամրագրման կանխավճարի պայմանագրեր կնքելովև չկատարելով իրենց պարտավորությունը։ Գործով նախաքննություննավարտվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիետից։
Եվ այսպես, կառուցապատմամբ զբաղվող «Ասիամեգաստրոյ» ՍՊ ընկերության բաժնետեր Գեղամ Ասրյանը և տնօրեն Ռադիկ Գևորգյանը «Էռնեստ Կո» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Է. Ղազարյանից ձեռք են բերել ընդհանուր 20 միավոր տեխնիկական միջոցներ 280 152 000 ՀՀ դրամ արժողությամբ` Ղազարյանին 450.000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք բնակարաններ տրամադրելու պայմանով:
Միևնույն ժամանակ, տեխնիկական միջոցների դիմաց փաստացի չվճարելու,բոլոր պայմանավորվածությունները խախտելու ու իրենց պարտավորությունները չկատարելու պայմաններում,որպես երաշխիք «Ասիամեգաստրոյ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը անվանափոխել են Է. Ղազարյանի անվամբ։
Դրանից բացի,Ղազարյանից խնդրել են իրենց պարտքով տրամադրել ևս 500.000 ԱՄՆ դոլար։ Որոշ ժամանակ անց Ղազարյանը, համոզվելով,որ Գևորգյանը և Ասրյանը չեն կատարում իրենց պարտավորությունները, Ռաֆիկ Գևորգյանին ազատել է «Ասիամեգաստրոյ» ՍՊ ընկերության րտնօրենի պաշտոնից:
Իսկ Ասրյանը և Գևորգյանը, գիտակցելով, որ պայմանավորված ժամկետներում չեն կարող կատարել ստանձնած պարտավորությունները և զրկվելու են ընկերությունը հետ ստանալու հնարավորությունից` ընկերությանը պատկանող 14 տրանսպորտային միջոցները վաճառել են տարբեր կազմակերպությունների:
«Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում ընդհանուր 20 տրանսպորտային միջոցներից հայտնաբերվել և Է.Ղազարյանին է վերադարձվել թվով 10-ը, 2 տրանսպորտային միջոց հայտնաբերվել և ի պահ են հանձնվել դրանք ձեռք բերող կազմակերպությանը, իսկ առանձնապես խոշոր չափերի՝ 110.660.000 ՀՀ դրամ արժողությամբ 8 անուն տրանսպորտային միջոցները Ռ.Գևորգյանի և Գ.Ասրյանի կողմից հափշտակվել են»,–նշվում է ՔԿ հաղորդագրությունում:
Բացի վերոնշյալը«Ասիամեգաստրոյ» ՍՊ ընկերության սեփականատեր ներկայացած Գ.Ասրյանը և ընկերության տնօրեն Ռ.Գևորգյանը 2019-2020թթ. ընթացքում Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղ. 26/13 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարաններ և ավտոկայանատեղիներ վաճառելու վերաբերյալ համաձայնության են եկել ՀՀ-ում և արտերկրում բնակվող մի շարք քաղաքացիների հետ բնակարանի ամրագրման կանխավճարի պայմանագրեր կնքել։
Կանխավճարները` 854.206.720 ՀՀ դրամը, բնակիչները հիմնականում առձեռն տվել են Գ.Ասրյանին և Ռ.Գևորգյանին, սակայն նախատեսված երեք տարում շենքի շինարարությունը ավարտելու և իրենց բնակարաններ հատկացնելու խոստումը չի կատարվել, շինարարությունը դադարեցվել է, որի արդյունքում հիշյալ քաղաքացիները զրկվել են վճարած գումարների դիմաց անշարժ գույք ստանալու հնարավորությունից:
Ռ.Գևորգյանի և Գ.Ասրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ):
Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանքներ են դրվել «Ասիամեգաստրոյ» ՍՊԸ շարժական և անշարժ գույքերի վրա:
Նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը` մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:
ՀՀ սնանկության դատարանի 22.11.2021թ. վճռով «Ասիամեգաստրոյ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ։
«Ասիամեգաստրոյ» ՍՊԸ-ին պատկանող 3 անշարժ գույքը` որպես մեկ միասնական կառուցապատման օբյեկտ, օտարվել է «Քրաուդ Էֆֆորթ Դեվելոփմենթ» ՍՊ ընկերությանը։
Նշված ընկերությունը, որպես կառուցապատող, պարտավորվելու է ավարտին հասցնել շինարարությունը և բնակարան ձեռք բերած անձանց հատկացնել բնակարանները, հատուցել աշխատողների չվճարված աշխատավարձերը։
Հիշեցնենք, որ գրեթե մեկ տարի առաջ կառավարության մոտ բողոքի ակցիա էին իրականացնում ընկերությունից տուժած քաղաքացիները։