ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ տնտեսությունը 2–5 տարվա կտրվածքում կվերադառնա իր սովորական ցուցանիշներին։ Նման եզրահանգման է հնարավոր գալ ԱՄՀ–ի հրապարակած համաշխարհային տնտեսության կանխատեսման հերթական վերլուծությունից (World Economic Outlook)։
2022 թ. ՀՀ տնտեսական աճը սովորականից մեծ է եղել` կազմելով 12,6 տոկոս, ինչը պայմանավորված է եղել հիմնական երկու գործոնով։ Տնտեսական աճի վրա առաջին հերթին ազդել է ՌԴ–ից տասնյակ հազարավոր ռելոկանտների ներհոսքը։
Նրանց մի մասը միջինից բարձր եկամուտներ ունեցող մարդիկ են։ Դա իր հերթին ապրանքների ու ծառայությունների լրացուցիչ պահանջարկ է ավելացրել։ ՀՀ ֆինանսների նախարարության գնահատմամբ` 2022 թ. դա ապահովել է երկրի տնտեսության աճի մոտ կեսը։
Հաջորդ գործոնը շինարարական բումն էր, որը ՀՀ–ում ակտիվացել է հարկային արտոնությունների շնորհիվ։ Երկնիշ տնտեսական աճը պահպանվել է նաև 2023 թ. սկզբից։
2023 թ. և 2024 թթ. ակնկալվում է ՀՆԱ–ի անկում` համապատասխանաբար մինչև 7 և 5 տոկոս, իսկ երկարաժամկետ` հնգամյա հեռանկարում՝ մինչև 4,5 տոկոս։ Ի դեպ, 2005-14 թթ. ՀՆԱ–ն միջինում կազմել է 5,2 տոկոս։
Ընթացիկ հաշվի մնացորդը ՀՀ–ում, որպես կանոն, բացասական է, քանի որ երկիր ներկրումը գերազանցում է արտահանումը։ 2022 թ. այս հաշվեկշիռը դրական դարձավ՝ ռելոկանտների կողմից արտարժույթի ուժեղ և կանոնավոր ներհոսքի շնորհիվ։ Ի դեպ, դրա կողմնակի ազդեցությունը հայկական դրամի ամրապնդումն էր և դոլարի ու եվրոյի փոխարժեքի պարբերական անկումը։
Միջին և երկարաժամկետ հեռանկարում ԱՄՀ–ն կանխատեսում է, որ այս ցուցանիշը կրկին անկում կունենա. ենթադրվում է, որ վաղ թե ուշ ռելոկանտները կհեռանան ՀՀ–ից և նրանց կողմից արտարժույթի ներհոսքը կդադարի: