Անկարան պատրաստ է միջնորդ հանդիսանալ պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցում

Էրդողանի խոսքով` խնդրի արմատական լուծման համար անհրաժեշտ է, որ Պաղեստինին տրված խոստումները կատարվեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Անկարան պատրաստ է բազմաթիվ խաղաղ քայլեր ձեռնարկել, այդ թվում` պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցում միջնորդությունը: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
«Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել իսրայելա-պաղեստինյան հակամարտության և հումանիտար ճգնաժամերի լուծման ուղիների որոնման շուրջ, որոնց տագնապով հետևում են տարածաշրջանում և ամբողջ աշխարհում: Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան բոլոր ջանքերը գործադրում է ճգնաժամի շուտափույթ լուծման համար և պատրաստ է բազմաթիվ խաղաղ քայլեր ձեռնարկել, այդ թվում` միջնորդություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը նշել է, որ խնդրի արմատական լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի Պաղեստինին տրված խոստումները կատարվեն, և միջազգային հանրությունը գլխավորի անկախ, ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծումը աշխարհագրական ամբողջականությամբ, որի մայրաքաղաքը կլինի Արևելյան Երուսաղեմը 1967 թվականի սահմաններում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Օտարերկրացիները կկարողանան դուրս գալ Գազայից. Իսրայելն ու Եգիպտոսը համաձայնության են եկել
Հակամարտության սրման հետևանքով Իսրայելի բնակիչների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 1200-ը, գրում է Times of Israel թերթը։ Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1100-ը։
Հակամարտության զոհերի թվում կան օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ ռուսաստանցիներ։