ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Եռակողմ աշխատանքային խմբի կամ դելիմիտացիայի հանձնաժողովների աշխատանքների շրջանակում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի`ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն դեռևս չկա: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Գրիգորյանի գրասենյակից։
«Ամեն դեպքում, փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով աշխատանքները շարունակելու հարցը նախևառաջ կապված է հարթակի բոլոր մասնակիցների կողմից տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և հետագա շահագործման՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքի միատեսակ և միանշանակ ընկալման հանգամանքի հետ»- ասված է պատասխանում:
Գրասենյակից հայտնել են նաև, որ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների ձևաչափով Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպման պայմանավորվածություն չկա:
Ավելի վաղ մեկնաբանելով Գրանադայում փաստաթղթի հնարավոր ստորագրումը ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ այնտեղ, ի թիվս այլ բաների, նշված է ինքնիշխանության և փոխադարձության սկզբունքների հիման վրա հաղորդակցությունների ապաշրջափակումը:
Հիշեցնենք` հուլիսի 12-ին Հայաստան–Ադրբեջան սահմանին` ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում, տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի 4–րդ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի։
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի` սահմանազատման հարցով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022թ–ի մայիսի 24–ին Երասխի մոտ։
Երկրորդ հանդիպումն անցկացվել է Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։