Այլ երկրներից ՀՀ-ին առաջադրված է՝ մերժել ՌԴ-ի հետ ցանկացած ինտեգրացիոն գործընթաց․ Խաչիկյան

Հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հեռախոսազրույցում հայտնել էր, որ չի կարողանա մասնակցել հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին:
Sputnik
Հայաստանը հետևողականորեն խզում է կապերը ՌԴ-ի հետ. Sputnik Արմենիայի հետ զրույցում Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Արթուր Խաչիկյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելը։
«Սա իշխանությունների հետևողական գիծն է, այլ երկրների կողմից նրանց առջև դրված խնդիրն է՝ մերժել Ռուսաստանի հետ ցանկացած ինտեգրացիոն գործընթաց։ Հայաստանը պետք է դուրս գա ՌԴ-ի հետ կապված բոլոր գործընթացներից, կազմակերպություններից, հանձնի ամեն ինչ և ենթարկվի Թուրքիային»,- մեկնաբանում է Արթուր Խաչիկյանը։
Քաղաքագետը նշում է՝ իհարկե ցանկալի կլիներ վերացնել Հայաստանի բոլոր դիվանագիտական սխալները ոչ միայն Ռուսաստանի, այլև Արևմուտքի և այլ երկրների հետ հարաբերություններում, սակայն, ըստ Խաչիկյանի, ներկայիս կառավարությունը դրա համար մի կողմից ոչ կոմպետենտ է և ոչ գործունակ, մյուս կողմից՝ քայլ առ քայլ գնում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելու ուղղությամբ: