ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շատ ծանր վիճակում է, նա սկսում է հոգնեցնել Եվրոպային և ԱՄՆ-ին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Նա սկսում է բոլորին ձանձրացնել և՛ Ամերիկայում, և՛ Եվրոպայում։ Մարդիկ սկսում են մտածել, թե ինչի վրա է այս մարդը ծախսում իրենց փողերը: Ուկրաինան կոռուպցիայի օազիս է, և դա, իհարկե, ոչ մեկին դուր չի գալիս», - հայտարարել է նա։
Կրեմլի ներկայացուցիչը կարծում է, որ Զելենսկու նկատմամբ դժգոհությունը կշարունակի աճել։
«Նա զգում է դա և սկսում է շտապել։ Դրան գումարած՝ պրոֆեսիոնալ ագահություն է առաջանում` ինչպե՞ս են իրեն հասանելիք սպառազինությունը տալու Իսրայելին։ Նրա գործերը այնքան էլ լավ վիճակում չեն։ Տեսնենք` հետո ինչ կլինի», - ասել է ՌԴ նախագահի խոսնակը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։