ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նկատմամբ վարչական իրավախախտում կատարելու համար կազմվել է համապատասխան արձանագրություն։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։
ՆԳՆ–ից չհայտնեցին, թե որն է նրան տուգանելու պատճառը, չհայտնեցին նաև տուգանքի չափը։
Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում վարել էր «Երևանի վերջին Գազել»-ը ու հոլովակ հրապարակել այդ ուղևորությունից։ Այդ հոլովակի հրապարակումից հետո ԶԼՄ–ներում գրեցին, որ Ավինյանը չունի D կարգի վարորդական իրավունք, ուստի նա «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը վարել է օրենքի խախտմամբ։ Բացի այդ, ուղևորության ամբողջ ընթացքում նա վարել է մեքենան առանց ամրագոտու։
Ի դեպ, առաջին անգամը չէ, որ Ավինյանը, չունենալով համապատասխան փաստաթուղթ, վարում է հանրային տրանսպորտ։ 2022-ի դեկտեմբերին նա հրապարակել էր մի տեսանյութ,որտեղ էլ վարում էր Հայաստան մտնող գերմանական MAN ավտոբուսը։
Նշենք, որ D կարգի վարորդական իրավունք չունենալու դեպքում վարորդը տուգանվում է 25,000 դրամով, իսկ տրանսպորտային միջոցը չամրակապված վարելու համար` 10,000 դրամով:
Նշենք նաև, որ ավելի վաղ Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ՆԳՆ ոստիկանություն, պարզելու համար` արդյո՞ք Տիգրան Ավինյանը տուգանվել է այս դեպքի համար, սակայն պատասխան այդպես էլ չէր ստացել։