ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Գործարար Սամվել Մայրապետյանի կնոջ՝ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Գոհար Քյալյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ փողերի լվացման մեղադրանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Դատախազությունից հայտնում են, որ Գոհար Քյալյանն իր ամուսնու՝ գործարար Սամվել Մայրապետյանի հետ միասին 2011 թ.–ին օրինականացրել է հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով գումար։
Պարզվել է, որ 2002 թ. դեկտեմբերի 5–ին ամուսինները հիմնադրել են «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունը։
2004 թ. Սամվել Մայրապետյանը և Գոհար Քյալյանը ձեռք են բերել 1995 թ. փետրվարի 15-ին հիմնադրված «Պրոգրես-Արմենիա» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը՝ յուրաքանչյուրը 50-ական տոկոսի չափով։
Սամվել Մայրապետյանը 7 տարվա ընթացքում (2004–2011 թթ.) «Պրոգրես-Արմենիա» և «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունների կողմից Երևանի Բայրոնի 3, Աբովյան 8, Պուշկինի 38/1, Հյուսիսային պողոտա 3 և 5 հասցեներում բազմաբնակարան շենքերի կառուցման և դրանց օտարման ոլորտներում իրականացված ձեռնարկատիրական գործունեության ընթացքում հարկային մարմնին ներկայացրած հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով պետական բյուջե չի վճարել 8 մլրդ դրամ հարկ։
Գործարքին օրինական տեսք հաղորդելու նպատակով ամուսիններն այդ հանցավոր ծագում ունեցող 8 մլրդ դրամ գումարից 378 մլն 176 հազար դրամին համարժեք 760 հազար եվրոն ներդրել են 2011 թ. նոյեմբերի 25-ին Սլովակիայում հիմնադրված և իրենց պատկանող «Արեգ» ընկերությունում:
Դատախազությունից նաև հայտնում են, որ ընկերության անվամբ ձեռք են բերվել Սլովակիայում գտնվող 50–80 հազար եվրո շուկայական արժեքով «LEXUS ES300H» մակնիշի տրանսպորտային միջոց և 17 միավոր անշարժ գույք:
Դատախազը 2023 թ. հոկտեմբերի 10–ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Գոհար Քյալյանի նկատմամբ ՀՀ քրեական հին օրենսգրքի 190–րդ հոդվածի 3–րդ մասի 1-ին կետով։
Հիշեցնենք` Մայրապետյանը 2018 թվականի օգոստոսի 8-ին ձերբակալվեց, այնուհետ կալանավորվեց։ Նույն տարվա դեկտեմբերին նա ազատ արձակվեց։ Ավելի ուշ` 2019 թվականի փետրվարին, հայտնի դարձավ, որ նրան վիրահատել են Գերմանիայում։ Հոկտեմբերի 21-ին ՀՔԾ–ն հայտնեց, որ Մայրապետյանի ինքնազգացողությունն օդանավակայանում վատացել է, ինչի պատճառով էլ նա չի կարողացել Հայաստան գալ։ 2020 թվականի մարտին նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց։