ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական մարդասիրական առաքելությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար 6 տոննա պարենամթերք կհասցնի Հայաստանի Հանրապետություն: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։
«Ուրբաթ օրը 6 տոննա պարենամթերք տեղափոխող ինքնաթիռ կժամանի այստեղ։ Մթերքը կբաշխենք այն ընտանիքներին, որոնք արդեն տեղավորվել են Սյունիքում, Արարատի մարզում, Արտաշատում, Էջմիածնում՝ այնտեղ, որտեղ իսկապես շատ մարդիկ են եկել։ Այսօր մեր հասցեին շնորհակալական խոսքեր հնչեցին, այդ թվում նաև Սյունիքի մարզպետից և Կապանի քաղաքապետից, ինչը, իհարկե, շատ հաճելի է։ Սա մեր համեստ ներդրումն է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնելու գործում։ Հետագայում այդ օգնությունը կընդլայնենք»,-նշել է Ֆեֆիլովը։
Վադիմ Ֆեֆիլովը. Արխիվային լուսանկար
© Sputnik / Aram Nersesyan
Նրա խոսքով՝ Սյունիքի մարզպետարանի հետ հանդիպմանը հստակեցվել են առավել անհրաժեշտ իրերը, որոնց կարիքն ունեն վերաբնակիչները․ առաջին հերթին տաք հագուստ և անկողնու սպիտակեղենն:
«Այսօր Սյունիքի մարզպետը մի քանի անգամ կրկնեց. «Ձմեռը մոտ է»։ Առաջին հերթին, իհարկե, տաք հագուստ է անհրաժեշտ։ Ձմեռային բաճկոններ (տղամարդկանց, կանանց, մանկական)՝ այն, ինչ, օրինակ, կիրակի օրը բերեցինք Գորիս։ Նրանք, ովքեր արդեն տեղավորվել են, անկողնային սպիտակեղենի կարիք ունեն։ Չէ որ տանտերերը, որոնք ընդունել են նրանց, այդպիսի պաշարներ չունեն»,-պարզաբանել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ արցախցիները մեծ ծավալի օգնության կարիք ունեն, և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն փորձում է լուծել ծագող հարցերը: Կարիքավորները «Ռուսական տուն» դիմում են սոցցանցերի միջոցով, իսկ ստացված հայտերի հիման վրա կազմվում են ցուցակներ՝ մարդասիրական օգնությունը բաշխելու համար։
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի մարդասիրական գործունեությանն օգնում են գործընկերները՝ ռուսական մարդասիրական առաքելությունը, Կայսերական պաղեստինյան ընկերությունը, «Դոկտոր Լիզա» հիմնադրամը, ինչպես նաև մի շարք ռուս- հայկական կազմակերպություններ:
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն դիմել է նաև մոլոկաններին, Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի ռուս բնակիչներին՝ համայնքի ղեկավար Ալեքսեյ Չիչևի գլխավորությամբ, ովքեր ևս միացել են օգնության հավաքմանն ու բաշխմանը: