ՌԴ խաղաղապահներն առաջին անգամ «Մուխա» ԱԹՍ-ները կիրառել են ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ

Ռուս խաղաղապահներն առաջին անգամ «Մուխա» հարվածային ԱԹՍ-ները կիրառել են Ղրղզստանում ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ
Զորավարժություններին մասնակցում է շուրջ 1500 զինծառայող, ավելի քան 200 միավոր զրահատանկային և ավտոմոբիլային տեխնիկա, Մի-8, Մի-17, Մի-24 ուղղաթիռներ, Սու-25, Սու-30 և Իլ-76 ինքնաթիռներ, անօդաչու ավիացիա և մարտական մոտորանավակներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. «Մուխա» մարտական հարվածային անօդաչու թռչող սարքն այսօր առաջին անգամ կիրառել են ռուսական զորախմբի զինծառայողները Ղրղզստանի «Էդելվեյս» զորավարժարանում՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժության շրջանակում: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ միասնական մամուլի կենտրոնը։
Գտնվելով «մարտական» շփման գծում՝ «Մուխա» ԱԹՍ-ի հաշվարկն ընդունել է թիրախի կոորդինատները, թռիչք է իրականացրել և հարված է հասցրել նշված թիրախներին՝ ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի գործնական գործողությունների մշակման ընթացքում։
«Մուխա» հարվածային անօդաչու թռչող սարքը մշակվել է ռուս մասնագետների կողմից, այն կարող է մոտ 5 կիլոգրամ քաշով օգտակար բեռ կրել՝ օդում գտնվելով 30 րոպե: Անօդաչու թռչող սարքը հագեցած է 30 անգամ խոշորացնող տեսախցիկով, ինչը թույլ է տալիս այն օգտագործել հետախուզական նպատակներով։ Բացի այդ, «Մուխան» դիմացկուն է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցության նկատմամբ: Կրակային ազդեցություն կիրառելու համար «Մուխան» հագեցած է նետվող զինամթերքի համար ամրաններով՝ կայունացուցիչով։
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժության ակտիվ փուլն անցկացվում է Ղրղզստանի «Էդելվեյս» զորավարժարանում հոկտեմբերի 9-13-ը: Դրան մասնակցում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի խաղաղապահ ուժերի ազգային զորախմբերը, ՀԱՊԿ միացյալ շտաբի և քարտուղարության օպերատիվ խմբերը: Ընդհանուր առմամբ զորավարժությանը ներգրավված են շուրջ 1500 զինծառայողներ, ավելի քան 200 միավոր զրահատանկային և ավտոմոբիլային տեխնիկա, Մի-8, Մի-17, Մի-24 ուղղաթիռներ, Սու-25, Սու-30 և Իլ-76 ինքնաթիռներ, անօդաչու ավիացիա և մարտական մոտորանավակներ:
Հայաստանը «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժություններին չի մասնակցում։