Փաշինյանը հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկել է Բոնոյի հետ

Լուիս Բոնոն ու Նիկոլ Փաշինյանը
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի անձանց բռնի տեղահանության հետևանքով առկա հումանիտար իրավիճակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Մտքեր են փոխանակվել Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի` Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման շուրջ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, քննարկվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի անձանց բռնի տեղահանության հետևանքով առկա հումանիտար իրավիճակին և մարտահրավերների լուծման քայլերին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող թեմաների:
Ավելի վաղ Լուիս Բոնոյին ընդունել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 5-ին Գրանադայում պետք է կայանար Փաշինյան–Ալիև հերթական հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Հանդիպման նախաշեմին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա։
Գրանադայում առանց Ալիևի կայացած հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Փաշինյանը, Միշելը, Մակրոնը և Շոլցը համատեղ հայտարարություն են ընդունել, ըստ որի` կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29․800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86․600 քառ․ կմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։
Ի՞նչ կլիներ, եթե Ալիևը գնար Գրանադա. պարզաբանում է Փաշինյանը